Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Սուրբ Աթոռի նորանշանակ նվիրակին

10 հուլիսի, 2018

Հուլիսի 10-ին Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրն (նստավայրը՝ Թբիլիսի) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Շնորհավորելով նորանշանակ նվիրակին՝ ԱԳՆ ղեկավարը հաջողություններ մաղթեց արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին իր կարևոր առաքելության մեջ։ ԱԳ նախարարն ընդգծեց, որ առկա է հայ-վատիկանյան հարուստ օրակարգ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ձևաչափում, դինամիկ և հետևողական երկխոսություն, և Հայաստանը հաստատակամ է շարունակելու այդ համագործակցության խորացմանն ուղղված համատեղ քայլերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը պատրաստակամություն հայտնեց իր պաշտոնավարման ընթացքում քայլեր ձեռնարկել փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա հիմնված երկկողմ կապերն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ:

Զոհրաբ Մնացականյանը և Ժոզե Ավելինու Բետանկուրն անդրադարձան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։ Զրուցակիցները համակարծիք էին, որ միջմշակութային համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչ է, և մտքեր փոխանակեցին այս ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը կարևորեցին բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք լավ հնարավորություն են ընձեռում երկկողմ կապերին նոր շունչ հաղորդելու ուղղությամբ:

 

Տպել էջը