ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական քարտուղարին

06 հուլիսի, 2018

Հուլիսի 6-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄաքԴոնալդին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում հայ-բրիտանական հարաբերություններում նկատվում է աշխուժացում, ինչն արտահայտվում է նաև բարձրաստիճան փոխայցելությունների ակտիվացմամբ: Նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը շարունակելու և ընդլայնելու երկու երկրների միջև երկխոսությունը՝ առավել շոշափելի արդյունքների հասնելու համար։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ մշտական քարտուղար ՄաքԴոնալդն ասաց, որ այժմ հիանալի ժամանակ է լինել Հայաստանում՝ երկրում տեղի ուենցող զարգացումների մասին առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հայ-բրիտանական օրակարգի ընդլայնման ուղիները քննարկելու համար։

ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ ընդգծելով նոր կառավարության կողմից  շարունակական բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը և կարևորելով բարեփոխումների գործընթացին Հայաստանի գործընկերների աջակցությունը:

Զոհրաբ Մնացականյանը և Սայմոն ՄաքԴոնալդն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը և Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությանը: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը հույս հայտնեց, որ Միացյալ Թագավորությունը ևս շուտով կվավերացնի համաձայնագիրը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ՄԹ արտաքին և համագործակցության նախարարության մշտական քարտուղարը արծարծեցին նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ, կարծիքներ փոխանակեցին Սիրիայում ստեղծված իրավիճակի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների շուրջ:

Հայաստան այցի շրջանակներում Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության մշտական քարտուղար Սայմոն ՄաքԴոնալդը դասախոսությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների առջև։

 

Տպել էջը