Հայաստանի արտգործնախարարի և Կոմորոսի արտաքին գործերի և համագործակցության նախարարի հանդիպումը

10 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 10-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 31-րդ նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կոմորոսի արտաքին գործերի և համագործակցության նախարար Մոհամեդ Աբդուլքարիմին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Ֆրանկոֆոնիայի հարթակը՝ երկրների և ժողովուրդների միջև կապերը զարգացնելու առումով։

Կոմորոսի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար, ընդգծեց, որ օդանավակայանից արդեն զգացել է, թե ինչ ջերմությամբ են դիմավորում Երևան ժամանող պատվիրակություններին։ Անդրադառնալով երկկողմ համագործակցության հնարավորություններին` նա ասաց. «Աշխարհագրությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ, և մենք ցանկանում ենք զարգացնել և ընդլայնել մեր հարաբերությունները»։

Նախարարները կարևորեցին այսօր ստորագրվելիք արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության մասին հուշագիրը՝ վստահություն հայտնելով, որ այն հնարավորություն կընձեռի խթանել տարբեր ոլորտներում երկու երկրների միջև կապերը։

Տպել էջը