Արտգործնախարարն ընդունեց Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին

03 ապրիլի, 2013

Ապրիլի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարաստին։

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի և Իրանի միջև հաստատված բարիդրացիական հարաբերությունները և նշեց, որ տարբեր մակարդակներով փոխայցելությունները նպաստում են փոխշահավետ համագործակցության զարգացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռամին Մեհմանփարաստը տեղեկացրեց, որ իր այցելությունը բավականին հագեցած էր, և տեղի ունեցած բովանդակալից հանդիպումների ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայաստանյան և իրանական լրատվամիջոցների միջև համագործակցության հաստատման վերաբերյալ։

Հանդիպմանը կարևորվեց Հայաստանի և Իրանի ԱԳՆ-երի միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը:

Տարածաշրջանային խնդիրների քննարկման ենթատեքստում նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Իրանի հավասարակշռված դիրքորոշումը։

Տպել էջը