Բուլղարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

15 հունիսի, 2012

Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի նորանշանակ դեսպան Գեորգի Կարաստամատովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև քսան տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր փոխգործակցությունը դինամիկ զարգացում է ապրել, և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա բարեկամական փոխհարաբերությունների էլ ավելի ամրապնդման և ընդլայնման գործում: Խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ հայ և բուլղար ժողովուրդների պատմական ճակատագրերը շատ նման են, նրանք կապված են շուրջ հազարամյա պատմաքաղաքակրթական խորը կապերով և միմյանց հանդեպ տածում են եղբայրական զգացումներ:

Դեսպան Կարաստամատովը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ հավաստիացրեց, որ առավելագույն ջանքեր կներդնի երկկողմ փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու և դրանում նորանոր ոլորտներ ներառելու համար:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ փոխգործակցության ընդլայնման, Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության, առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր:

Տպել էջը