Նախարար Նալբանդյանն ընդունեց Բունդեստագի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատվիրակությանը

05 մայիսի, 2012

Մայիսի 5-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բունդեստագի քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության պատգամավորներ Յուրգեն Քլիմկեին (Jurgen Klimke) և Մանֆրեդ Գրունդին (Manfred Grund), ովքեր Հայաստանում են գտնվում մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն անցկացնելու կապակցությամբ:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխգործակցությունը զգալիորեն ընդլայնվել է: Նախարարը կարևորեց վերջերս Երևանում գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի բացումը և հույս հայտնեց, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Կողմերը քննարկեցին հայ-գերմանական քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիները:

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանում ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը՝ ընդգծելով, որ այդ նպատակով միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել:

Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Տպել էջը