Հայաստանը նախապատրաստվում է «Ռիո+20» կայուն զարգացման եւ բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովին
24 օգոստոսի, 2011Օգոստոսի 24-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ 2012թ. Բրազիլիայի Հանրապետության Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք «Ռիո+20» կայուն զարգացման եւ բնապահպանությանը նվիրված համաշխարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցության նախապատրաստական աշխատանքները համակարգող ազգային հանձնաժողովի 1-ին նիստը, որը վարում էին հանձնաժողովի համանախագահներ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստին ելույթներով հանդես եկան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որոնք անդրադարձան Ռիո+20 գործընթացի շրջանակներում տեղի ունեցող զարգացումներին եւ այդ ենթատեքստում Հայաստանի առջեւ կանգնած խնդիրներին, գալիք գագաթաժողովին ՀՀ մասնակցության նախապատրաստական աշխատանքներին եւ այդ ուղղությամբ իրականացվելիք քայլերին:
Միջոցառման ընթացքում ներկայացվեց Ռիո դե Ժանեյրոյի գագաթաժողովին ՀՀ մասնակցության միջոցառումների ազգային ծրագրի նախագիծը եւ նախապատրաստական թեմատիկ աշխատանքային խմբերի ստեղծման առաջարկը: