Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարին
13 ապրիլի, 2011Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Լյուբլյանայում էր գտնվում պետական այցով Սլովենիա ժամանած Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում, հանդիպեց Սլովենիայի արտգործնախարար Սամուել Ժբոգարին(Samuel Zbogar):
Զրույցի ընթացքում կողմերը նշեցին, որ բարձրաստիճան այցերի պարբերականությունը կարեւոր խթան է հանդիսանում երկու երկրների միջեւ զարգացող հարաբերություններում`մասնավորապես նշելով,որ Նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները նոր էջ են բացում երկկողմ հարաբերություններում, եւ դա վկայում է Սլովենիայի եւ Հայաստանի միջեւ համակողմանի համագործակցությունն ավելի խորացնելու եւ ամրապնդելու պատրաստակամության մասին:
Հանդիպմանը Հայաստանի եւ Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-սլովենական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ մասնավորապես` միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:
Էդվարդ Նալբանդյանն ու Սամուել Ժբոգարն անդրադարձան նաեւ Հայաստան –Եվրոպական Միություն հարաբերություններին եւ այդ ձեւաչափում իրականացվող ծրագրերին:
Նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Սամուել Ժբոգարը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: