Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարին
21 մարտի, 2011Մարտի 21-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար դոկտոր Սուպաչայ Պանիտչպակդիին:
Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի քարտուղարության կողմից Հայաստանի մրցակցային քաղաքականության ոլորտում տարվող աշխատանքներին ցուցաբերած աջակցության կապակցությամբ:
ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի գլխավոր քարտուղարն բարձր գնահատեց Հայաստանի հետ հաստատված համագործակցությունը, եւ նշեց, որ Հայաստանում հաջողությամբ են ընթանում տնտեսական բնագավառի բարեփոխումները:
Հյուրի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին տնտեսական կապերն ու դրանց խթանմանն ուղղված իշխանությունների քայլերը:
Սուպաչայ Պանիտչպակդին Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց համաշխարհային Ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման իր տեսլականը:
Զրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի մրցակցային քաղաքականության բարելավմանն ուղղված մի շարք հարցեր:
ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովը հիմնվել է 1964թ. որպես մշտական միջկառավարական մարմին: Այն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի՝ առեւտրի ներդրումների եւ զարգացման հարցերով զբաղվող հիմնական մարմինն է: Միջկառավարական համաժողովները գումարվում են 4 տարին մեկ անգամ: Տասներեքերորդ համաժողովը կգումարվի Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ 2012թ.: