Երեւանում տեղի ունեցավ տնտեսական, արդյունաբերական եւ տեխնոլոգիական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը
14 հունվարի, 2011Երեւանում տեղի ունեցավ տնտեսական, արդյունաբերական եւ տեխնոլոգիական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը
Հունվարի 13-14-ը Երեւանում տեղի ունեցավ տնտեսական, արդյունաբերական եւ տեխնոլոգիական համագործակցության հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, կիպրական պատվիրակությունը` Կիպրոսի Հանրապետության Ծրագրավորման բյուրոյի մշտական քարտուղար Գեորգե Գեորգիուն:
Նիստի ընթացքում կողմերը տեղեկատվություն փոխանակեցին Հայաստանի եւ Կիպրոսի տնտեսությունների արդի վիճակի, ինչպես նաեւ երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ:
ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներն իրենց կիպրացի գործընկերների հետ հանգամանալից քննարկեցին երկկողմ համագործակցության հնարավորություններն ըստ առանձին ոլորտների, այդ թվում` բարձր տեխնոլոգիաները, առողջապահությունը, զբոսաշրջությունը, էներգետիկան, տրանսպորտը, գյուղատնտեսությունը, կրթությունը, մշակույթը:
Նիստի աշխատանքների ավարտին երկու պատվիրակությունների ղեկավարները ստորագրեցին հայ-կիպրական միջկառավարական նիստի ամփոփիչ արձանագրությունը, որտեղ նախանշվեցին վերոնշյալ բնագավառներում երկկողմ համագործակցության ուղիները:
Նիստի արդյունքում որոշվեց հաջորդ հանդիպումն անցկացնել Նիկոսիայում: