Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցողին

20 դեկտեմբերի, 2010

Դեկտեմբերի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող, Լեհաստանի  Եվրոպական պահպանողականների եւ բարեփոխականների խմբակցության ներկայացուցիչ Տոմաշ Պորեբայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստան այցելությունը լավ հնարավորություն է ընձեռում անմիջականորեն ծանոթանալ ինչպես Հայաստանի եւ տարածաշրջանի, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում առկա զարգացումներին: Զրուցակիցները ընդգծեցին խորհրդարանական շփումների կարեւորությունը եւ անհրաժեշտ համարեցին շարունակել քայլեր ձեռնարկել միջխորհրդարանական կապերը խթանելու համար:
Անդրադարձ կատարվեց դեկտեմբերին տեղի ունեցած Հայաստան – ԵՄ խորհրդի եւ Արեւելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման արդյունքներին,  ինչպես նաեւ Հայաստան- Եվրամիություն Ասոցիացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին: 

Հանդիպմանը տեղի ունեցավ մտքերի փոխանակում արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Եվրախորհրդարանի պատգամավորը իր տպավորությունները կիսեց Արցախ կատարած այցելությունից եւ ԼՂՀ ղեկավարության հետ հանդիպումներից:

Տպել էջը