Կանադայի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը
01 նոյեմբերի, 2010Նոյեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ջոն Սլոանին (John Sloan, նստավայրը` Մոսկվա)`հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Սլոանին նշանակման կապակցությամբ, նշեց, որ այս տարի հայ-կանադական հարաբերությունները զգալի առաջընթաց են ապրել` թե քաղաքական երկխոսության, թե խորհրդարանական եւ թե ապակենտրոնացված համագործակցության ձեւաչափերում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ դեսպան Սլոանը իր կարեւոր ներդրումը կունենա հայ-կանադական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում եւ արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին` իր առաքելության իրականացման ընթացքում:
Դեսպան Սլոանը, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար` վստահեցրեց, որ կանի առավելագույնը վերջին շրջանում տարբեր ոլորտներում աշխուժացած երկկողմ համագործակցությունը առավել խորացնելու եւ ընդլայնելու համար:
Զրուցակիցները կարեւորեցին միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Կանադայի համագործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանն ու Ջոն Սլոանը մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ. այդ ենթատեքստում ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ օրակարգային է դարձել Երեւանում Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության բացումը: