Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Մոնրեալի քաղաքապետին
28 հոկտեմբերի, 2010Հոկտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մոնրեալի քաղաքապետ Ժերալ Թրեմբլեյի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Կանադայի հետ երկկողմ հարաբերություններում վերջերս արձանագրված ակտիվությունը` հույս հայտնելով, որ դա լավ հիմք է համագործակցության բազմաբովանդակ զարգացման համար: Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ հայ-կանադական փոխգործակցությունը արդյունավետ է նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում, իսկ Մոնրեալի քաղաքապետի այցը կնպաստի նաեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը:
Մոնրեալի քաղաքապետը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ Երեւանի եւ Մոնրեալի միջեւ հաստատված համագործակցությունը նոր լիցք ստացավ այսօր ստորագրված փոխըմբռնման հուշագրով եւ այն երկու երկրների բարեկամական հարաբերությունների իրական արտացոլում է: Ժերալ Թրեմբլեյն ընդգծեց կանադահայ համայնքի ներդրումն ու դերակատարությունը երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնման գործում:
Զրուցակիցները երկուստեք գոհունակություն հայտնեցին Ֆրանկոֆոն քաղաքների 31-րդ համաժողովը Երեւանում անցկացնելու վերաբերյալ օրեր առաջ կայացված որոշման կապակցությամբ եւ մտքեր փոխանակեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում ապակենտրոնացված համագործակցության շուրջ: