ԱԳ նախարարն ընդունեց Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության փոխնախագահին
07 սեպտեմբերի, 2010Սեպտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Միջազգային եվրոպական շարժում կազմակերպության պատվիրակությանը` փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շարլ-Ֆերդինանդ Նոթոմի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրին` Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Միջազգային եվրոպական շարժման ներդրումը եվրոպական արժեքների տարածման եւ միասնական Եվրոպայի ստեղծման գործում` նշելով, որ կազմակերպությունը կեսդարյա գործունեության ընթացքում արժեքավոր եւ լուրջ փորձ է կուտակել:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի վերաբերյալ` նշելով, որ այն մեծ ներուժ է պարունակում ինչպես ներառված երկրների եւ ԵՄ միջեւ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման համար:
Շարլ-Ֆերդինանդ Նոթոմը տեղեկացրեց հաջորդ տարի Երեւանում Եվրոպական շարժման համաժողովը անցկացնելու մտադրության մասին, եւ հայցեց Հայաստանի իշխանությունների աջակցությունը համաժողովի կազմակերպման հարցում:
Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին եւ դրանց լուծման ուղիներին:
Տեղեկանք. Եվրոպական շարժումը բազմակուսակցական, քաղաքական և մշակութային ուղղվածություն ունեցող միջազգային հասարակական կազմակերպություն է: Շարժումը հիմադրվել է 1948 թ. Հաագայում, հանդես է գալիս որպես եվրոպամետ հասարակական կազմակերպությունների հարթակ:
Հիմնադիր համաժողովը նախագահել է Ուինսթոն Չերչիլը: Կառույցի ախագահներն են եղել Ռոբերտ Շումանը, Վալտեր Հալշտայնը, Վալերի Ժիսկար դ’Էստենը, Մարիո Սոարեշը և այլ ակնառու եվրոպական քաղաքական գործիչներ: Ներկայիս նախագահը Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Փաթ Քոկսն է: Կազմակերպության կենտրոնակայանը գտնվում է Բրյուսելում: