ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին
07 հուլիսի, 2010Հարց. Ադրբեջանի նախագահը երեկ կրկին անգամ հանդես է եկել մի շարք ռազմատենչ հայտարարություններով, բանակցային գործընթացի յուրովի մեկնաբանություններով: Դրան նախորդել են արտգործնախարարի եւ այլ պաշտոնյաների հայտարարությունները: Ինչպես կգնահատե?ք դրանք:
Պատասխան. Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների վերջին եւ դրան նախորդած հայտարարությունները եւ քայլերը ս.թ. հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը իրենց կողմից կազմակերպած սադրանքի շարունակությունն են: Դրանք ակնհայտորեն միտված են բանակցային գործընթացի ձախողմանը:
Փորձելով հետ կանգնել Սանկտ-Պետերբուգում ձեռք բերված պայմանավորվածություններից, Ադրբեջանի ղեկավարները թոզ են փչում սեփական ժողովրդի աչքերին` նենգափոխելով բանակցությունների եւ ձեռք բերված համաձայնությունների էությունը: Դրան հասնելու համար անհաջող փորձեր են կատարում վերաձեւել պատմությունը, աշխարհագրությունը, ժողովրդագրությունը եւ միջազգային իրավունքը:
Չնայած Բաքվի հուսահատ ճիգերին պրահյան գործընթացը` դա պրահյան է, այլ ոչ թե բաքվի, մադրիդյան առաջարկությունները, դրանք մադրիդյան են` ոչ թե բաքվի առաջարկություններ, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան` Ադրբեջանի ագրեսիան է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշումը չի կարող սահմանափակվել մեկ ելույթում 13 անգամ հիշատակված Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ:
Դասեր չքաղելով իրական պատմությունից, Ադրբեջանի ղեկավարները սպառնում են նոր սադրանքներով եւ ավանտյուրաներով:
Այս հայտարարությունները հաստատում են այն տեսակետը, որ ամեն կարեւոր հանդիպումից առաջ, Ադրբեջանի ղեկավարությունը նպատակաուղղված քայլեր է ձեռնարկում բանակցությունները տապալելու համար, այս պարագայում` շուրջ 10 օրից Ալմաթիում նախատեսվող հնարավոր հնգակողմ հանդիպումը:
Կառուցողականությունը, հիմնվում է ճշմարտության, այլ ոչ թե կառուցվում ստի, պատրանքների եւ սպառնալիքների վրա: