Ավստրիայի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը
08 հունիսի, 2010Հունիսի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ավստրիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Մայքլ Փոսթլ (Mr. Michael Postl)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը շնորհավորելով դեսպան Փոսթլին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ-ավստրիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարեւորեց տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խթանման նպատակով քայլերի ձեռնարկումը: Այդ ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հունիսի երկրորդ կեսին նախատեսված Ավստրիայի արտգործնախարար Միքայել Շպինդելեգեռի այցելությունը Հայաստան նոր լիցք կհաղորդի հայ-ավստրիական հարաբերություններին, հատկապես, որ նախարարի հետ Երեւան է ժամանելու ավստրիացի գործարարների ներկայացուցչական պատվիրակություն եւ տեղի է ունենալու գործարար համաժողով:
Դեսպան Մայքլ Փոսթլը շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար ընդգծեց, որ Ավստրիան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների զարգացմանը եւ վստահեցրեց, որ իր առաքելության ընթացքում ջանքեր կգործադրի այդ նպատակով:
Նախարար Նալբանդյանն ու դեսպան Փոսթլը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի շուրջ: