ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը մասնակցել է ՍԾՏՀ արտգործնախարարների խորհրդի նիստին
28 մայիսի, 2010Մայիսի 28-ին Սոֆիայում Սեւծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպությունում Բուլղարիայի նախագահությամբ տեղի ունեցավ ՍԾՏՀ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 22-րդ հանդիպումը, որին մայիսի 26-27-ը նախորդել էր կազմակերպության անդամ-երկրների Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը:
ՀՀ պաշտոնական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: ՀՀ ԱԳ փոխնախարարը հանդես եկավ ՍԾՏՀ գործող նախագահության առաջնայնությունների իրականացման ուղղությամբ Հայաստանի գործնական մասնակցության մասին ելույթով:
Նիստի արդյունքում ՍԾՏՀ անդամ-երկրների ԱԳ նախարարների խորհուրդը ընդունեց մոտ երեք տասնյակ որոշումներ ՍԾՏՀ առաջնային օրակարգի շրջանակում տնտեսական համագործակցության խթանման վերաբերյալ: Կարեւոր որոշում ընդունվեց ՍԾՏՀ-ԵՄ փոխգործակցության հետագա զարգացման մասին: Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում հերթական նախագահությունը փոխանցվեց Հունաստանին:
Մայիսի 28-ին փոխնախարար Արման Կիրակոսյանը հանդիպեց Բուլղարիայի ԱԳ փոխնախարար Մարին Ռայկովի հետ: Քննարկվեցին հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, մասնավորապես` այս տարվա սեպտեմբերին Երեւանում կայանալիք հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստի եւ գործարար համաժողովի նախապատրաստական խնդիրները, Բուլղարիայում Հայաստանի մշակութային տարվա շրջանակում անցկացվող միջոցառումների ընթացքը: