Կայացավ Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպումը

21 մայիսի, 2010

Մայիսի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստան ժամանած Արգենտինայի արտաքին հարաբերությունների, առեւտրի եւ պաշտամունքի նախարար Խորխե Տայանային (Jorge Taiana):

Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց, որ հայ-արգենտինական հարաբերությունները նոր փուլ են թեւակոխում, դա է վկայում նախարար Խորխե Տայանայի մասնակցությամբ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան բացումը: Նախարար Նալբանդյանը շնորհավորեց իր արգենտինացի գործընկերոջը Արգենտինայի անկախության 200-ամյակի, ինչպես նաեւ Երեւանում դեսպանության բացման կապակցությամբ` նշելով, որ Հայաստանը եւս իր առաջին դեսպանությունը Հարավային Ամերիկայում բացել է Արգենտինայում:

«Չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր ժողովուրդներն առանձնահատուկ ջերմությամբ եւ համակրանքով են վերաբերվում միմյանց, ինչը պարտավորեցնում է գործուն քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերություններն առավել ամրապնդելու ու ընդլայնելու համար, խորացնելու համագործակցությունը միջազգային ասպարեզում», - ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց արգենտինահայ համայնքի դերակարատությունը երկկողմ հարաբերությունների ձեւավորման գործում: Էդվարդ Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ Խորխե Տայանայի առաջին այցը Հայաստան եւս նոր լիցք կհաղորդի երկու բարեկամ երկրների արտաքին գերատեսչությունների գործակցության խորացմանն ու հարաբերությունների առավել ընդարձակմանը:

Նախարար Տայանան իր հերթին նշեց, որ Արգենտինան մեծապես կարեւորում է բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդական համագործակցության զարգացումը, ինչի վկայությունն է Հարավային Կովկասի տարածաշրջանում Արգենտինայի առաջին դեսպանության հիմնումը Երեւանում:

Էդվարդ Նալբանդյանն ու Խորխե Տայանան քննարկեցին երկկողմ օրակարգում ընդգրկված հարցեր` նշելով, որ ձեւավորված իրավապայմանագրային դաշտն ամուր հիմք է բազմաթիվ ոլորտներում համագործակցություն ծավալելու համար:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության խթանման, մշակութային համագործակցության ակտիվացման ուղիների, տնտեսական ճգնաժամի հետեւանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:

Նախարարներն արձանագրեցին, որ միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Արգենտինայի համագործակցությունը եւս բավական արդյունավետ է եւ հիմնված փոխադարձ աջակցության վրա:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ լատինաամերիկյան տարածաշրջանի խնդիրներին, Հայաստանի հարաբերություններին հարեւան երկրների հետ:



Հանդիպմանը հաջորդեց Էդվարդ Նալբանդյանի ու Խորխե Տայանայի համատեղ մամուլի ասուլիսը:

Խորխե Տայանան Արգենտինայի արտաքին քաղաքականության մասին դասախոսությամբ հանդես եկավ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում:

Արգենտինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելեց նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին:
Տպել էջը