Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Տնտեսական վերելքի նախարար Պատրիկ Դեւեջյանին

20 մայիսի, 2010

Ս.թ. մայիսի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Տնտեսական վերելքի նախարար, Օ-դը-Սեն դեպարտամենտի Գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դեւեջյանին:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի բարեկամական հարաբերությունների կապակցությամբ եւ կարեւորեց Պատրիկ Դեւեջյանի անձնական կարեւոր ներդրումը այդ հարաբերությունների ամրապնդման եւ խորացման գործում:

Պատրիկ Դեւեջյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է գտնվում իր ղեկավարած Օ-դը-Սեն դեպարտամենտի կողմից Տավուշի մարզի զարգացմանն աջակցող ծրագրերի իրականացման շրջանակներում: Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհուրդը 2008 թ. սկսել է Տավուշի մարզի գյուղատնտեսական ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց "Հայաստան" համահայկական հիմնադրամի հովանու ներքո իրականացվող ծրագրերին Պատրիկ Դեւեջյանի ղեկավարած դեպարտամենտի մասնակցության համար` ընդգծելով, որ դա հայ-ֆրանսիական օրեցօր ընդլայնվող համագործակցության եւս մեկ վկայություն է:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ միջպետականին զուգահեռ, ակտիվորեն զարգանում է նաեւ ապակենտրոնացված համագործակցությունը, ինչի վկայությունն են մշտական փոխայցելությունները եւ իրականացվող համատեղ ծրագրերը:
Տպել էջը