Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեցԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քայդանաուին

14 մայիսի, 2010

Մայիսի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Թինա Քայդանաուին:

Ողջունելով հյուրին` Հայաստանի արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բազմաբովանդակ հարաբերությունների խորացումը եւ բարեկամական գործընկերության ու համագործակցության ամրապնդումը` ընդգծելով, որ ապրիլին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Վաշինգտոն եւ հանդիպումը ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հետ նոր լիցք հաղորդեց երկկողմ հարաբերությույնների զարագցմանը:

Նախարար Նալբանդյանը եւ պետքարտուղարի փոխտեղակալ Քայդանոուն հանգամանալից զրույց ունեցան հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման հեռանկարների շուրջ:

Թինա Քայդանաուն իր հերթին նշեց, որ Հայաստանը կարեւոր գործընկեր է հանդիսանում Միացյալ Նահանգների համար եւ ԱՄՆ վարչակազմը ակնկալում է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում:

Զրուցակիցները անդրադարձան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանն ու Թինա Քայդանաուն մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների վերջին զարգացումների շուրջ:
Տպել էջը