Արգենտինայի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը
04 մայիսի, 2010Մայիսի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ դեսպան Միգել Անխել Կունեոյին (Miguel Angel Cuneo)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Նախարար Նալբանդյանը շնորհավորելով դեսպան Կունեոյին նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ-արգենտինյան բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաեւ արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին` նրա առաքելության իրականացման ընթացքում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խնդրեց իր ողջույններն ու Հայաստան այցելելու հրավերը փոխանցել իր արգենտինացի գործընկեր Խորխե Տայանային:
Դեսպան Միգել Անխել Կունեոն շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար նշեց, որ Արգենտինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների հետագա խորացմանը, ինչի վկայությունն է տարածաշրջանում իր երկրի առաջին դեսպանության հիմնումը Երեւանում: Դեսպան Կունեոն կարեւորեց Արգենտինայի հայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունների, զարգացած իրավապայմանագրային դաշտի առնչությամբ: Նախարար Նալբանդյանն ու դեսպան Կունեոն քննարկեցին նաեւ համագործակցության առկա մեծ ներուժի օգտագործման հնարավորությունները:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ:
Տեղեկանք: Ծնվել է 1944թ. հունիսի 16-ին: 1971թ. ավարտել է Բուենոս Այրեսի համալսարանի իրավունքի ֆակուլտետը, ուսում է ստացել նաեւ Արգենտինայի Պետական արտաքին ծառայության ինստիտուտում, Վաշինգտոնի Ջոնս Հոպկինսի անվան համալսարանում: 1973թ. աշխատանքի է անցել Արգենտինյան Հանրապետության արտաքին հարաբերությունների, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարարությունում տարբեր պաշտոններ զբաղեցնելով ինչպես նախարարության կենտրոնական ապարատում, այնպես էլ արտերկրում Արգենտինայի ներկայացուցչություններում: 2000-2006 թթ. եղել է Ուկրաինայում Արգենտինայի դեսպան:
Տիրապետում է իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, ռուսերեն լեզուների: Ամուսնացած է: