Հայաստանի արտոգրծնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

29 մարտի, 2010

Մարտի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին, Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Էդվարդ Նալբանդյանը ցավակցություն հայտնեց ռուսաստանցի համանախագահին`այսօր Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները եւ մադրիդյան առաջարկությունների հիման վրա կողմերի մոտեցումները մերձեցնելու հնարավորությունները:

Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեցին նախօրեին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքները:

Անդրադառնալով վերջին շրջանում մադրիդյան առաջարկությունների հետ կապված շահարկումներին` Հայաստանի արտգործնախարարն ասաց. «Մադրիդյան սկզբունքները Հայաստանի կողմից ընդունվել են որպես բանակցությունների հիմք դեռ երկու տարի առաջ եւ շարունակում են մնալ այդպիսին»:
Տպել էջը