Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին
24 մարտի, 2010Հարց. - Պարոն Կիրակոսյան, Թուրքիայի վարչապետը հայտարարել է, որ ինքը սպառնացել է Թուրքիայից հայերին բռնի տեղահանել` իբրեւ թե միջազգային հանրության ուշադրությունը Թուրքիայում գտնվող ապօրինի հայ միգրանտների վրա գրավելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:
Պատասխան. - Խոսելով իբրեւ թե ծանր դրության մեջ հայտնված ու Թուրքիա եկած հայերի մասին` պարոն Էրդողանը մոռանում է աշխարհի տարբեր երկրներ իրենց հանապազօրյա հացը վաստակելու նպատակով մեկնած միլիոնավոր թուրք միգրանտների առկայության մասին:
Ցավում եմ, որ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայերի ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին ժամանակակից Թուրքիայի Հանրապետության իշխանությունները, խոսելով հայերի բռնահանումների մասին, շարունակում են առաջնորդվել ոչ թե եվրոպական, այլ Օսմանյան կայսրության արժեքային համակարգով: