Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւին 16 փետրվար 2010թ.
16 փետրվարի, 2010Ս.թ. հունվարի 16-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ղազախստանի Հանրապետության Պետական քարտուղար-ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւին:
Բանակցությունները սկսվեցին նախարարների առանձնազրույցով, ապա շարունակվեցին ընդլայնված կազմով:
Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հարաբերությունները` նշելով, որ երկու երկրները մեծ ներուժ ունեն տարբեր ձեւաչափերով ընթացող փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար:
Նախարար Սաուդաբաեւը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ Հայաստանի կողմից ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահության նախաձեռնությունները սատարելու համար:
Կողմերը քննարկեցին մի շարք տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, անդրադարձան միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխգործակցությանը:
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը մտքեր փոխանակեցին կազմակերպության գործունեությանը, դրա արդյունավետության բարձրացմանը եւ եվրոպական անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք կարեւորվեց ԵԱՀԿ դերը կայունության եւ անվտանգության ապահովման, ժողովրդավարական գործընթացների եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման գործում:
Նախարարներն անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին` ընդգծելով Մինսկի խմբի դերը հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացում:
Հայաստանի եւ Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն արծարծեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը:
Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս: