Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեցԻրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիին 26 հունվար 2010թ. \

26 հունվարի, 2010

Ս.թ. հունվարի 26-ին կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումը: Իրանի ԱԳ նախարարը Երեւանում է գտնվում հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով գործընկերոջը` նախարար Նալբանդյանը դրական գնահատեց հայ-իրանական բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերությունները: Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները գոհունակությամբ նշեցին, որ պարբերական բարձր մակարդակի շփումներն ու փոխադարձ այցերը վկայում են Հայաստանի եւ Իրանի հարաբերությունների եւ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ շահագրգռվածության մասին:

Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Երկու երկրների առեւտրատնտեսական հարաբերություններին առնչվող հարցերի քննարկման համատեքստում նախարարներ Նալբանդյանն ու Մոթթաքին վստահություն հայտնեցին, որ Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 9-րդ նիստը կանցնի արդյունավետ եւ բարձր մակարդակով: Երկուստեք կարեւորվեց իրավապայմանագրային դաշտի առավել ընդլայնումը, ինչը երկկողմ համագործակցության խորացման նոր հնարավորություններ կընձեռի:

Էդվարդ Նալբանդյանն ու Մանուչեհր Մոթթաքին մտքեր փոխանակեցին տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման վերաբերյալ:

Հայաստանի եւ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Նախարարներն արծարծեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Նախարար Մոթթաքին ողջունեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը:

Նախարար Մոթթաքին Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումները:
Տպել էջը