Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներԷդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Լավրովի հանդիպումը 14 հունվար 2010թ.

14 հունվարի, 2010

Ս.թ. հունվարի 14-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Ողջունելով Սերգեյ Լավրովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ռուսաստանի արտգործնախարարն այս տարի Հայաստան այցելող առաջին բարձրաստիճան հյուրն է, եւ դա նշանավորում է հարաբերությունների այն բարձր մակարդակը, որ առկա է երկու բարեկամ ժողովուրդների եւ դաշնակից պետությունների միջեւ:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների ղեկավարների միջեւ ակտիվ եւ կանոնավոր քաղաքական երկխոսությունն ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար եւ քննարկեցին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀՀ եւ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները բովանդակալից զրույց ունեցան Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դինամիկ զարգացող փոխհարաբերությունների, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաեւ` քաղաքական, ռազմական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում, Հայաստանի մարզերի եւ Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջեւ համագործակցությանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում դիրքորոշումների համադրմանը վերաբերող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց Ռուսաստանի աջակցությունը Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված Հայաստանի քայլերին:

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին երկկողմ տնտեսական նախագծերի իրականացումը եւ դրանց ընդլայնման հնարավորությունները: Էդվարդ Նալբանդյանը հայկական կողմի երախտագիտությունը հայտնեց 2009թ. Ռուսաստանի կողմից 500 մլն դոլարի կայունացման վարկի տրամադրման համար:

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:

Ասուլիսի ձայնագրությունը ունկնդրելու համար սեղմեք այստեղ: MP3 format

Տպել էջը