Ալբանիայի դեսպանը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը 21 դեկտեմբեր 2009թ.

21 դեկտեմբերի, 2009

Ս.թ. դեկտեմբերի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ալբանիայի դեսպան (նստավայրը` Աթենք) Վիլի Մինարոլլիին (Vili Minarolli) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին պարտականությունների ստանձնման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հավաստիացրեց, որ արտգործնախարարությունն ամենայն աջակցություն կցուցաբերի դեսպանի առաքելության իրականացման գործում:

Նախարար Նալբանդյանը, վերհիշելով 2008 թ. հոկտեմբերին Տիրանա կատարած իր այցելությունն ու Ալբանիայի արտգործնախարարի եւ վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ հայտնած փոխադարձ ձգտումը ապրապնդելու երկկողմ հարաբերությունները, հույս հայտնեց, որ դեսպան Մինարոլլին իր կարեւոր նեդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման եւ պայամանվորվածությունների իրականացման գործում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորվեց Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային շփումների աշխուժացման անհրաժեշտությունը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների ԱԳ նախարարությունների միջեւ պարբերաբար խորհրդակցություններ անցկացնելու եւ քայլեր ձեռնարկելու պատշաճ իրավապայմանագրային դաշտ ձեւավորելու ուղղությամբ:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մինարոլլին մտքեր փոխանակեցին կովկասյան եւ բալկանյան տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Նախարար Նալբանդյանը խնդրեց Ալբանիայի արտգործնախարար Իլիր Մետային փոխանցել Երեւան այցելելու հրավերը:

Տեղեկանք: Ծնվել 1944թ. Էլբասանում: Ավարտել է Տիրանայի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետը: 1993թ.-ից աշխատել է Ալբանիայի ԱԳՆ համակարգում: 2001-2005թթ. եղել է Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում Ալբանիայի խորհրդարանական պատվիրակության անդամ: 2006թ. մարտից նշանակվել է Հունաստանի Հանրապետությունում Ալբանիայի դեսպան: Տիրապետում է անգլերեն եւ իտալերեն լեզուների: Ամուսնացած է, ունի երկու որդի:
Տպել էջը