Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին 16 դեկտեմբեր 2009թ.

16 դեկտեմբերի, 2009

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ս. թ. դեկտեմբերի 15-ին մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին:

Նախարարական հանդիպմանը, որը տեղի է ունենում կազմակերպության ստեղծման 40-ամյա հոբելյանի շրջանակներում, մասնակցում են կազմակերպության 70 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների պատվիրակությունները:

Նախարարական համաժողովի օրակարգում էր 2008 թ. հոկտեմբերին կայացած Քվեբեկի գագաթաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը:

Նախարարական հանդիպմանը ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարարը:

Դրական գնահատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների համագործակցությունն ու համերաշխությունը` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է կազմակերպության արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է իր ակտիվ մասնակցությունը բերել Ֆրանկոֆոնիայի գործունեությանը:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը ներկայացրեց կազմակերպության նպատակների իրագործման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը:

Նախարար Նալբանդյանի փարիզյան օրակարգում ներառված էին նաեւ երկկողմ հանդիպումներ:

Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տնօրեն Միշլին Կալմի-Ռեյի հետ հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն հայտնվեց հաստատված քաղաքական երկխոսության բարձր մակարդակի առնչությամբ, ինչը հնարավորություն է ընձեռում մշտապես հետեւելու նախորդ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին եւ նախանշելու նոր քայլեր:

Արտգործնախարար Նալբանդյանը հանդիպեց նաեւ Մարոկոյի ԱԳ նախարար Ֆասի Ֆիհրիին: Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Հայաստանի եւ Մարոկոյի հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերին: Երկուստեք նշվեց, որ հարուստ պատմական առնչություններ ունեցող երկրների միջեւ այսօր առկա հարաբերությունները բավարար մակարդակի չեն, եւ հարկավոր է գործուն քայլեր ձեռնարկել դրանց նոր լիցք հաղորդելու համար:

Նախարարներ Նալբանդյանն ու Ֆիհրիին մտքեր փոխանակեցին կովկասյան եւ Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման ուղիների շուրջ, պայմանավորվեցին իրենց ղեկավարած գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ, քննարկեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման եւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման հնարավորությունները: Մարոկոյի արտգործնախարարն իր Հայաստանի գործընկերոջը հրավիրեց այցելել Ռաբաթ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Կամբոջայի իր պաշտոնակից Նամհոնգ Հոռի հետ: Նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների եւ տնտեսական համագործակցության ձեւավորման ուղիների շուրջ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնել երկկողմ շփումները` միջպետական փոխգործակցության եւ միջազգային կազմակերպություններում համագործակցության հաստատման նպատակով:

Փարիզ այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի Նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման ուղիները, միջազգային եւ տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ:

Դեկտեմբերի 16-ին Հայաստանի արտգործնախարարը վերադարձավ Երեւան:
Տպել էջը