Նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Լիտվայի արտաքին գործերի նախարար Վիգաուդաս Ուշացկասի հետ 20 նոյեմբեր 2009թ.
20 նոյեմբերի, 2009Ս.թ. նոյեմբերի 20-ին նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պատասխան պաշտոնական այցելությամբ Երեւանում գտնվող Լիտվայի արտաքին գործերի նախարար Վիգաուդաս Ուշացկասին:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Վիլնյուս էր այցելել 2008 թ. նոյեմբերին: Նախարարների վերջին հանդիպումը տեղի է ունեցել ս.թ. մայիսին Մադրիդում ԵԽ նախարարների կոմիտեի նստաշրջանի շրջանականերում:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի եւ Լիտվայի միջեւ հաստատվել են բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն միջազգային կազմակերպություններում, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, ձեւավորվել է լայն իրավապայմանագրային դաշտ: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց անցյալ տարի Երեւանում Լիտվայի դեսպանության բացման կապակցությամբ:
Նախարար Ուշացկասն իր հերթին դրական գնահատեց Լիտվայի եւ Հայաստանի ջերմ ու բարեկամական հարաբերությունները`նշելով, որ երկու երկրները համատեղ պատմություն ունեն` խարսխված գործընկերության եւ փոխվստահության վրա: Լիտվայի արտգործնախարարն ընդգծեց բազմաթիվ ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունը եւ փոխշահավետ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը:
Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան Հայաստանի եւ Լիտվայի միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական եւ գիտական համագործակցության զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին:
Հայաստանի եւ Լիտվային ԱԳՆ ղեկավարները մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ: 2011թ. ԵԱՀԿ-ում լիտվական նախագահության ենթատեքստում անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին:
Նախարարներ Նալբանդյանը եւ Ուշացկասը քննարկեցին արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացը:
Վիգաուդաս Ուշացկասը ողջունեց եւ Լիտվայի աջակցությունը հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:
Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս: