Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեցՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին 05 նոյեմբեր 2009թ.
05 նոյեմբերի, 2009Ս.թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին (Robert Simmons):
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ ձեւավորված փոխշահավետ համագործակցությունը եւ մտադիր է ամրապնդել այն` հատուկ ուշադրություն դարձնելով Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործմանը:
Էդվարդ Նալբանդյանը շեշտեց նաեւ, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան համագործակցության խորհրդի շրջանակներում, ինչպես նաեւ` խաղաղապահության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարերային աղետների հետեւանքների վերացման եւ այլ ուղղություններով:
Իր հերթին Ռոբերտ Սիմոնսը, կարեւորելով Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, ասաց, որ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը եւ հույս հայտնեց, որ 2009-2010թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը նույնպես հաջողությամբ կիրականացվի: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը կարեւորեց Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ գործունեության մեջ:
Տարածաշրջանային հարցերի քննարկման ենթատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը գոհունակություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացի կապակցությամբ` ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը:-