Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներին

30 սեպտեմբերի, 2009

Նյու-Յորք ՀՀ արտգործնախարարի այցելությունը հագեցած էր նաեւ ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներով:

Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ամերիկայի Արեւելյան ափի առաջնորդարանում ՀՀ արտգործնախարարի պատվին թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ Էդվարդ Նալբանդյանը Նյու-Յորքի ու Նյու-Ջերսիի հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրները եւ դրանց լուծման ուղիները` մանրամասն անդրադարձ կատարելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Հայ բարեգործական ընդհանուր միության գործադիր տնօրեն Պերճ Սեդրակյանի հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը քննարկեց Հայաստանում եւ Սփյուռքում կազմակերպության գործունեության, հայապահպանության եւ հումանիտար ոլորտում իրականացվող ծրագրերին առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությանը, որոնց հետ քննարկեց Հայաստանի եւ ԱՄՆ հարաբերություններին առնչվող հարցեր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները:

Այցելության ընթացքում արտգործնախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ամերիկայի Արեւելյան ափի Ազգային առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ կապված հարցեր:

Տպել էջը