Հայաստանի արտգործնախարարը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում
29 սեպտեմբերի, 2009Կայացավ Էդվարդ Նալբանդյանի եւ Հիլարի Քլինթոնի հանդիպումը
Սեպտեմբերի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն ելույթով հանդես եկավ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում:
Իր ելույթում Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ մի շարք միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների եւ դրանց լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներին: Նա ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ հայկական կողմի մոտեցումները:
Միջազգային ամենահեղինակավոր ամբիոնից Էդվարդ Նալբանդյանը խոսեց Հայաստանի Նախագահի նախաձեռնությամբ սկսված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, ինչն այս տարի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երկրորդ հանդիպումն էր:
Ողջունելով Հայաստանի արտոգործնախարարին` ԱՄՆ պետքարտուղարը նշեց, որ Միացյալ Նահանգները Հայաստանի գործընկերն է թե ժողովրդավարական բարեփոխումների, թե տնտեսական զարգացման բնագավառներում: Տիկին Քլինթոնի բնորոշմամբ հայ-ամերիկյան հարաբերությունները համապարփակ, ընդգրկուն եւ խոր բնույթ ունեն: Պետքարտուղար Քլինթոնը ամերիկյան վարչակազմի անունից պատրաստակամություն հայտնեց շարունակելու համակողմանի համագործակցությունը Հայաստանի Նախագահի, կառավարության եւ արտգործնախարարի հետ:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, Հիլարի Քլինթոնը բարձր գնահատեց Հայաստանի ջանքերը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ եւ վերահաստատեց ԱՄՆ-ի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում:
Էդվարդ Նալբանդյանը, գոհունակություն հայտնելով հայ-ամերիկյան բարձր մակարդակի կանոնավոր շփումների կապակցությամբ, ընդգծեց, որ Հայաստանը կարեւորելով Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների առավել ամրապնդումը, հետամուտ է լինելու ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացմանն ու խորացմանը եւ համագործակցության ընդլայնմանը: Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին ԱՄՆ աջակցության համար:
Արցախյան հիմնախնդրի քննարկման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը կարեւրոեց ԱՄՆ-ի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցային գործընթացում:
Հայաստանի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: