Իսպանիայի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

19 սեպտեմբերի, 2009

Ս.թ. սեպտեմբերի 19-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան (նստավայրը` Մոսկվա) Խուան Անտոնիո Մարկ Պուժոլին (Juan Antonio March Pujol) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ դեսպանը պաշտոնավարման ընթացքում իր կարեւոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ փոխգործակցության ընդլայնման եւ խորացման գործում:

Իր հերթին դեսպան Պուժոլին նշեց, որ կանի առավելագույնը առկա համագործակցությունն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում կարեւորվեց երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, մշակույթի, կրթության եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը եւ դեսպան Պուժոլին անդրադարձան նաեւ Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին եւ այդ շրջանակներում երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:

Տեղեկանք : Խուան Անտոնիո Մարկ Պուժոլը ծնվել է 1958թ. փետրվարի 27-ին, Բարսելոնայում: Ավարտել է Բարսելոնայի համալսարանի իրավունքի ֆակուլտետը: 1988թ. աշխատանքի է անցել Իսպանիայի ԱԳՆ համակարգում: 1996-2001թթ. եղել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում, իսկ 2001-2004թթ. Մեքսիկական Միացյալ Նահանգներում Իսպանիայի Թագավորության դեսպանության խորհրդական: 2004-2007թթ. զբաղեցրել է ՄԱԿ-ում Իսպանիայի մշտական ներկայացուցչի պաշտոնը: 2007թ. նշանակվել է Իսպանիայի դեսպան Ռուսաստանում:
Տպել էջը