Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը

04 սեպտեմբերի, 2009

Ս.թ. սեպեմբերի 4-ին կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը աշխատանքային այցով Երեւանում գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հետ:

Ողջունելով Գրիգոլ Վաշաձեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց երկու արտգործնախարարությունների միջեւ կանոնավոր շփումները նշելով, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերություների հետագա զարգացման համար:

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջնական: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Գյումրի-Ախալցխա-Բավրա-Բաթում ավտոճանապարհի ուղությամբ տարվող աշխատանքներին, որի ավարտը թույլ կտա հեշտացնել բեռնա եւ ուղեւորափոխադրումը Հայաստանից Վրաստան եւ հակառակը:

Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն, սահմանազատման գործընթացին եւ էներգետիկայի ոլորտում համագործակցությանն զարգացմանն առնչվող հարցեր:

Հայկական կողմի նախաձեռնությամբ անդրադարձ կատարվեց նաեւ վիրահայությանն առնչվող մի շարք խնդիրների:

Հանդիպմանը հետեւեց երկու երկրների միջեւ դիվանագիտական ներկայացուցչությունների համար հողատարածքներ փոխանակելու վերաբերյալ հուշագրի ստորագրման արարողությունը:

Սեպտեմբերի 5-ին նախատեսված է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
Տպել էջը