Ռուսաստանի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

24 օգոստոսի, 2009

Ս.թ. օգոստոսի 24-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը շնորհավորեց նրան ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց դիվանագիտական առաքելության իրականացման գործում: Բարձր գնահատելով հայ-ռուսական հարաբերությունները, Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաստատված փոխըմբռնումը, փոխվստահությունը եւ սերտ համագործակցությունը լավ հիմք են ստեղծում դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական համագործակցության առավել ամրապնդման համար` ի շահ երկու եղբայրական ժողովուրդների, իսկ դեսպան Կովալենկոն իր կարեւոր ներդրումը կունենա փոխգործակցության հետագա խորացման եւ ընդլայնման գործընթացում:

Իր հերթին դեսպան Կովալենկոն, գոհունակություն հայտնելով հայ-ռուսական հարաբերությունների առկա բարձր մակարդակի առնչությամբ, նշեց, որ պաշտոնավարման ըթնացքում կանի առավելագույնը առկա փոխգործակցության ամրապնդման, տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության առավել զարգացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանն ու դեսպան Կովալենկոն քննարկեցին հայ-ռուսական երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ:

Տեղեկանք : Վյաչեսլավ Կովալենկոն ծնվել է 1946թ.: Ավարտել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին կից ար—ելյան լեզուների ինստիտուտը: Դիվանագիտական ծառայության է անցել 1973թ.-ից: 2004-2006թթ. զբաղեցրել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը: 2006թ. նշանակվել է Վրաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան: Տիրապետում է արաբերեն, բելառուսերեն եւ ֆրանսերեն լեզուների: Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Տպել էջը