ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուին
07 հուլիսի, 2009Ս.թ. հուլիսի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կիպրոսի արտգործնախարար Մարկոս Կիպրիանուին, որը Երեւանում է գտնվում պետական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում:
Հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկեցին հայ-կիպրոսական հարաբերությունների հետագա ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` միջազգային կազմակերպություններում փոխգործակցության, արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը:

Նախարար Կիպրիանուն նշեց, որ Հայաստանի Նախագահի հրավերով Կիպրոսի նախագահի պետական այցը Հայաստան նոր էջ է բացում երկկողմ հարաբերություններում, եւ դա վկայում է, որ Կիպրոսի Հանրապետությունը շահագրգիռ է էլ ավելի ամրապնդելու եւ խորացնելու Հայաստանի հետ համակողմանի համագործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանն ու Մարկոս Կիպրիանուն անդրադարձան Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին, քննարկեցին Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանականերում երկկողմ համագործակցության հնարավորությունները:
