Իտալիայի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը
01 հուլիսի, 2009Ս.թ. հուլիսի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինիին (Mr. Bruno Scapini) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ դեսպանն աշխատանքի ընթացքում իր նշանակալի ներդրումը կունենա հայ-իտալական բարեկամական փոխգործակցության ընդլայնման եւ խորացման գործում:
Դեսպան Սկապինին, կարեւորելով հայ-իտալական փոխադարձ համակրանքի ու ջերմ հարաբերությունների ձեւավորված ավանդույթը, նշեց, որ կանի առավելագույնը առկա համագործակցությունն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ:Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը եւ դեսպան Սկապինին անդրադարձան նաեւ Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին եւ այդ շրջանակներում երկկողմ համագործակցությանը:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:
Տեղեկանք : Բրունո Սկապինին ծնվել է 1949թ. սեպտեմբերի 22-ին, Հռոմում: Ավարտել է Հռոմի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: 1975թ. աշխատանքի է անցել Իտալիայի ԱԳՆ համակարգում: 2001-2005թթ. եղել է Կոպերում (Սլովենիա) Իտալիայի գլխավոր հյուպատոսը, 2005-2007թթ.` Լոզանում Իտալիայի գլխավոր հյուպատոս: 2007-2009թթ. զբաղեցրել է Իտալիայի ԱԳՆ առընթեր դիվանագիտական ինստիտուտի տնօրենի տեղակալի պաշտոնը: 1994թ. Սկապինիին շնորհվել է Իտալական Հանրապետության Պատվավոր ասպետի շքանշան: