Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Կորեայիz դեսպան Լի Կյու-Հյունգին
03 հունիսի, 2009Ս.թ. հունիսի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Կյու-Հյունգին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարեւորեց Հայաստանի եւ Կորեայի Հանրապետության միջեւ տարբեր բնագավառներում համագործակցության խթանմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:
Դեսպան Կյու-Հյունգն ընդգծեց, որ Կորեայի Հանրապետության իշխանությունները մեծ նշանակություն են տալիս Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների հետագա ընդայնմանը:
Զրուցակիցները քննարկեցին հայ-կորեական քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական հարաբերությունների եւ մշակութային փոխանակումների ակտիվացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ մտքեր փոխանակեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության շուրջ:
Կորեայի դեսպանը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Կորեական թերակղզում տեղի ունեցած վերջին զարգացումները` կապված Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռների արձակման եւ միջուկային ծրագրերի իրականացման հետ: Այդ ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտահոգություն հայտնեց տարածաշրջանում իրադրության սրման կապակցությամբ եւ հույս հյատնեց, որ միջազգային հանրության ջանքերը կբերեն վեցակողմ բանակցությունների վերսկսմանը եւ Կորեական թերակղզում իրադրության կայունացմանը: