Նորվեգիայի դեսպանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեցիր հավատարմագրերի պատճենը

25 մայիսի, 2009

Ս.թ. մայիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպան Կնուտ Հոուգին (Mr. Knut Houg ) (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումը կնպաստի Հայաստանի եւ Նորվեգիայի միջեւ համագործակցության ընդլայնմանը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով: Նախարարը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Նորվեգիայի հետ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ ու խորացմամբ:

Զրուցակիցները կարեւորեցին երկու երկրների միջեւ փոխայցելությունների ակտիվացումը, առեւտրատնտեսական, կրթական եւ մշակութային հարաբերությունների հետագա զարգացումը:

Նախարար Նալբանդյանը եւ դեսպան Հոուգը անդրադարձան նաեւ մի շարք տարածաշրջնային եւ միջազգային խնդիրների:

Տեղեկանք : Կնուտ Հոուգն ավարտել է Օսլոյի համալսարանը: Քաղաքական գիտությունների թեկնածու է, ռուսաց լեզվի եւ պատմության մասնագետ: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Նորվեգիայի ԱԳՆ-ում եւ արտերկրում Նորվեգիայի դիվանագիտական ներկայացուցչություններում: 2001-2004 թթ. Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Նորվեգիայի արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, 2005թ.` Լեհաստանում Նորվեգիայի դեսպան, իսկ 2009թ.` Ռուսաստանի Դաշնությունում Նորվեգիայի դեսպան: Կնուտ Հոուգն ամուսնացած է, ունի երեք երեխա:
Տպել էջը