Կահիրեում մենկարկեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի մերձավորարեւելյան այցը
24 փետրվարի, 2009Ս.թ. փետրվարի 23-ին Եգիպտոսի ԱԳ նախարար Ահմադ Աբու Ալ-Ղեյդի հրավերով պաշտոնական այցով Եգիպտոս ժամանեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Եգիպտոսի վարչապետ Ահմադ Նազիֆը:
Հայաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ասաց, որ հայ-եգիպտական հարաբերությունները դարերի պատմություն ունեն, եւ մեր ժողովուրդները կապված են պատմությամբ ստուգված ավանդական բարեկամությամբ եւ համակրանքով: Նախարար Նալբանդյանի բնորոշմամբ այս ամենը հիմք է ստեղծում պետությունների միջեւ արդյունավետ համագործակցության խորացման համար: Հայաստանն հետաքրքրված է առավել սերտացնելու եւ խորացնելու Եգիպտոսի հետ երկկողմ համագործակցությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը անհրաժեշտ է ամրապնդել երկկողմ տնտեսական նախագծերով ու առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա հնարավորությունների արդյունավետ օգտագործմամբ:
Էդվարդ Նալբանդյանի եւ Եգիպտոսի արտգործնախարար Աբու Ալ-Ղեյդի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ: Երկուստեք շեշտվեց, որ պետությունների միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, եւ տնտեսական ու մշակութային համագործակցության ընդլայման լուրջ ներուժ:
Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը մտադիր է շարունակել քայլերը տարածաշրջանում իր կարեւոր գործընկերոջ` Եգիպտոսի Արաբական Հանրապետության հետ համակողմանի հարաբերությունների խորացման ուղղությամբ:
ՀՀ արտգործնախարարն ասաց, որ Հայաստանը, աշխարհաքաղաքական առումով մոտ լինելով մերձավորարեւելյան տարածաշրջանին, մեծապես շահագրգռված է այնտեղ խաղաղության ու կայունության հաստատմամբ: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Եգիպտոսի դերը` մերձավորարեւելյան խնդիրների խաղաղ կարգավորման գործընթացում:
Նախարարներ Նալբանդյանն ու Ալ-Ղեյդը մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում անվտանգության ապահովման եւ ամրապնդման խնդիրների շուրջ:
Հայաստանի եւ Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակությամբ նշեցին իրենց ղեկավարած նախարարությունների միջեւ ակտիվ համագործակցությունը եւ պարբերաբար անցկացվող խորհրդատվությունների արդյունավետությունը:
Էդվարդ Նալբանդյանը հրավիրեց Ահմադ Աբու Ալ-Ղեյդի այցելել Հայաստան:Հայաստանի եւ Եգիպտոսի արտգործնախարարները ստորագրեցին համաձայնագիր ՀՀ կառավարության եւ ԵԱՀ կառավարության միջեւ դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին:
Նախարարների հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարը ճեպազրույց ունեցավ եգիպտացի լրագրողների հետ:
Եգիպտոսի արտգործնախարարը իր Հայաստանի գործընկերոջ պատվին պաշտոնական ճաշ տվեց:
Եգիպտոսի միջազգային համագործակցության նախարար Ֆայզա Աբուլնաղայի հետ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց այս տարվա ընթացքում Երեւանում կայանալիք հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի նիստին վերաբերող հարցեր:Փետրվարի 23-ի երեկոյան Էդվարդ Նալբանդյանը ջերմ եւ անմիջական հանդիպում ունեցավ Եգիպտոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց տվեց արաբական աշխարհի ամենահեղինակավոր թերթերից մեկին` Կահիրեում հրատարակվող Ալ-Ահրամին:
Փետրվարի 24-ին Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Հորդանան: