Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեին

20 փետրվարի, 2009

Ս.թ. փետրվարի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով Գրիգոլ Վաշաձեին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց հայ-վրացական ակտիվ եւ կանոնավոր քաղաքական երկխոսությունը եւ նշեց, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերություների հետագա զարգացման համար:

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ:

Զրուցակիցները քննարկեցին 2008թ. Հայաստանի նախագահի Վրաստան կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը եւ հանձնարարականներ տվեցին համապատասխան սոտորաբաժանումների ղեկավարներին դրանց իրականացումն արագացնելու վերաբերյալ:

Կարեւորելով երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը` նախարարները պայմանավորվածություն ձեռք բերեցին երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների անցկացման մասին:

Հայաստանի եւ Վրաստանի արտգործնախարարները քննարկեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնման եւ էներգետիկ ոլորտում համագործակցության հարցերը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության խթանման ուղիներին: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանը շեշտեց, որ որեւէ նախագծի արդյունավետության ապահովման գլխավոր գրավականն է տարածաշրջանի բոլոր պետությունների մասնակցությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Գրիգոլ Վաշաձեն քննարկեցին միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Վրաստանի համագործակցությանը վերաբերող հարցեր` ընդգծելով, որ լայն հնարավորություններ կան թե երկկողմ, թե բազմակողմ ձեւաչափերում երկու երկրների փոխգործակցության խորացման համար:

Նախարարները անդրադարձան Եվրոպական միության Արեւելյան գործընկերություն առաջարկին եւ քննարկեցին այդ նախաձեռնության շրջանակներում հնարավոր համագործակցության ուղիները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ Սեւծովյան տնտեսական
համագործակցության կազմակերպության օրակարգային խնդիրների շուրջ:

Հայկական կողմի նախաձեռնությամբ քննարկվեցին նաեւ վիրահայությանը հուզող մի շարք խնդիրներ:

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:

Ասուլիսի ձայնագրությունը ունկնդրելու համար սեղմեք այստեղ: MP3 format

Տպել էջը