Կայացավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցի հանդիպումը 17 նոյեմբեր 2008թ.
17 նոյեմբերի, 2008Ս. թ. նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով Երեւան է ժամանել Հունգարիայի արտգործնախարար Քինգա Գյոնցը՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով:
Հունգարիայի արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը, ողջունելով հյուրին, շեշտեց, որ հայ-հունգարական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել իրենց բարեկամական բնույթով, եւ վերջին տարիներին արձանագրված աշխուժացումը նոր նախադրյալներ է ստեղծել մի շարք բնագավառներում փոխգործակցության խորացման համար:
Հունգարիայի արտգործնախարարը նշեց, որ հունգարացի ժողովուրդը միշտ առանձնահատուկ համակրանք է տածել դեպի Հայաստանն ու հայ ժողովուրդը, եւ Հունգարիայի իշխանությունները նպատակադրված են առավել սերտացնել հարաբերությունները Հայաստանի հետ` երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով:
Երկուստեք նշվեց, որ լուրջ ներուժ գոյություն ունի առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Նախարարները կարեւորեցին նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումն ու մշակութային համագործակցության զարգացումը:
Արտգործնախարարներն անդրադարձան միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Հունգարիայի համագործակցության աշխուժացման հնարավորություններին:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաեւ արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի, ինչպես նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի եւ Հունգարիայի համագործակցության կարեւոր ուղղություններից կարող են լինել Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ հետագայում` Արեւելյան գործընկերության շրջանակները:
Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարները ստորագրեցին
«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ Հունգարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջեւ եվրաինտեգրացման բնագավառում համագործակցության հուշագիր»:
Ասուլիսի ձայնագրությունը ունկնդրելու համար սեղմեք այստեղ: