ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել խորհրդատվություններ Հայաստանի եւ Բուլղարիայի արտաքին գերատեսչությունների միջեւ 30 հոկտեմբեր 2008թ.

30 հոկտեմբերի, 2008

Ս.թ. հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան խորհրդատվություններ Հայաստանի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Հայկական կողմի պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը:

Ողջունելով հյուրերին` փոխնախարար Կիրակոսյանը բարձր գնահատեց հայ-բուլղարական բարեկամական հարաբերությունները եւ կարեւորեց դրանց հետագա զարգացումն ու խորացումը: Այդ համատեքստում նա ընդգծեց երկկողմ տնտեսական համագործակցության ներուժն իր ողջ ծավալով օգտագործման կարեւորությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը շոշափեցին երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք նշվեց, որ Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ գոյություն ունի իրավապայմանագրային հարուստ դաշտ, որը կողմերը պատրաստակամություն հայտնեցին ընդլայնելու:

Խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ միջազգային կազմակերպություններում հայ-բուլղարական համագործակցության հնարավորությունները: Կարեւորվեց նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակներում հայ-բուլղարական համագործակցությունը:

 

Տպել էջը