Հայաստանի ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանական պատվիրակությանը 08 հոկտեմբեր 2008թ.

08 հոկտեմբերի, 2008

Ս.թ. հոկտեմբերի 8-ին Հայաստանի ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն ընդունել է Երեւանում այցով գտնվող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Կասալի գլխավորած պատվիրակությանը:

Ողջույնի խոսքում Գեղամ Ղարիբջանյանը բարձր գնահատեց Հայաստանի եւ Չեխիայի միջեւ ավանդական ջերմ եւ բարեկամական հարաբերությունները: Նա կարեւորեց հայ-չեխական համագործակցության հետագա զարգացումը, մասնավորապես երրկողմ իրավապայմանագրային հենքի ամբողջացումը:


Անդրադառնալով Եվրամիությունում Չեխիայի առաջիկա նախագահությանը, փոխնախարար Ղարիբջանյանը հույս հայտնեց, որ այն կնպաստի ՀՀ-ԵՄ հարաբերությունների առավել խորացմանը: Այդ համատեքստում Գեղամ Ղարիբջանյանը նշեց, որ Եվրամիության հետ համագործակցության սերտացումը հանդիսանում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկը եւ մեր երկիրը հետեւողական է այդ ոլորտում առաջընթացի ապահովման գործում:

Զրուցակիցների խնդրանքով Գեղամ Ղարիբջանյանը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային վերջին զարգացումների եւ արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ: Նա մասնավորապես նշեց, որ Հայաստանը դեմ է հակամարտություների ռազմական ճանապարհով կարգավորմանը ` ընդգծելով, որ խաղաղ բանակցությունները եւ երկխոսությունը այլընտրանք չունեն:
Տպել էջը