Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին 03 հոկտեմբեր 2008թ.

03 հոկտեմբերի, 2008

Ս.թ. հոկտեմբերի 3-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Ողջունելով Սերգեյ Լավրովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների եւ ռազմավարական գործընկերության մակարդակը, նշելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին համահունչ մեր երկրների միջեւ համագործակցությունը բոլոր բնագավառներում հաջողությամբ զարգանում է:


Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն ընդգծեցին, որ բարձր մակարդակի ակտիվ եւ կանոնավոր քաղաքական երկխոսությունը ամուր հիմք են ծառայում փոխշահավետ հարաբերություների հետագա զարգացման համար:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները բովանդակալից զրույց ունեցան երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային կարեւոր հարցերի շուրջ:

Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը անդրադարձ կատարեցին ՄԱԿ, ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ, ԵԽ եւ այլ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում դիրքորոշումների համակարգման հարցերին:

Բանակցությունների ուշադրության կենտրոնում էին տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ համագործակցության ամրապնդման հարցերը:

Անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին` ՀՀ եւ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորեցին վիճելի հարցերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց մադրիդյան առաջարկությունների հիման վրա եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին:


Զրուցակիցները հանգամանալից զրույց ծավալեցին երկու երկրների տնտեսական համագործակցության վերաբերյալ, քննարկվեցին համատեղ էներգետիկ եւ տրանսպորտային նախագծերի իրականացման ուղիները:

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:
Տպել էջը