ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Երեւանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 01 սեպտեմբեր 2008թ.
01 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է Երեւանի պետական համալսարան: Մայր ԲՈւՀ-ում նա ծանոթացել է համալսարանի գործունեությանն ու կրթական ծրագրերին, ինչպես նաեւ հանդիպում ունեցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ԵՊՀ-ում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղությունները եւ ՀՀ դիրքորոշումները միջազգային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ:
Հանդիպման սկզբին նախարար Նալբանդյանն ասաց, որ ս.թ. սեպտեմբերի 3-ին Երեւանում կայանալիք արտերկրում ՀՀ դեսպանների եւ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչների տարեկան հանդիպմանը մասնակցելու նպատակով Երեւանում են գտնվում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները: Օգտվելով առիթից` Հայաստանի արտգործնախարարության նախաձեռնությամբ ՀՀ դեսպաններն այսօր հյուրընկալվել են Երեւանի մոտ երկու տասնյակ կրթօջախներում` ԲՈւՀ-երում եւ դպրոցներում` երիտասարդ սերնդին ներկայացնելու Հայաստանի արտաքին քաղաքականությունը եւ հայ դիվանագիտության առջեւ ծառացած խնդիրները:
Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ արտգործնախարարությունը մեծ կարեւորություն է տալիս կադրերի պատրաստմանը եւ այդ առումով հարկավոր է մշտական կապ հաստատել տարբեր ԲՈւՀ-երի եւ հատկապես Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ, որպեսզի ապագա դիվանագետները պատրաստվեն ուսանողական նստարանից: Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց նաեւ, որ մոտ ապագայում հիմնվելու է դիվանագիտական դպրոց, որտեղ ԲՈւՀ-ն ավարտած երիտասարդները կպատրաստվեն դիվանագետի որակավորում ստանալու համար` հետագայում ԱԳՆ-ում աշխատելու հեռանկարով:
Հանդիպման վերջին նախարար Նալբանդյանը պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերի: