Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեյի հետ 01 սեպտեմբեր 2008թ.
01 սեպտեմբերի, 2008Ս.թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում Սփյուռքի պետական կոմիտեի նախագահ Հրանուշ Հակոբյանը հանդիպեց Հայաստանում Հնդկաստանի դեսպան տիկին Ռինա Պանդեյի հետ:
Հանդիպման ընթացքում տիկին Հակոբյանը նշեց, որ հայ համայնքը Հնդկաստանում հին համայնքներից մեկն է, որն իր ծանրակշիռ դերն է խաղացել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման գործում: Նա նաեւ խոսեց Հնդկաստանի կառավարության կազմում գործող նախարարության մասին, որը զբաղվում է արտասահմանում գտնվող հնդիկների հարցերով եւ խնդրեց տիկին Պանդեյին` առավել մանրամասներ ներկայացնել այդ նախարարության գործունեության մասին:
Տիկին Պանդեյը ողջունեց Հայաստանում ստեղծվելիք Սփյուռքի նախարարության գաղափարն ու կարեւորեց այդ ոլորտին վերաբերող բոլոր նախաձեռնությունները:
Նա ներկայացրեց նաեւ Հնդկաստանում սփյուռքի հարցերով զբաղվող նախարարության կառուցվածքը, գործառույթներն ու իրականացվող ծրագրերը:
Հրանուշ Հակոբյանը օգտակար համարեց սփյուռքի ոլորտում Հնդկաստանի փորձի ուսումնասիրումը` Հայաստանի Սփյուռքի նախարարության ստեղծման կազմակերպչական, իրավական եւ բովանդակային հարցերում:
Կողմերը նաեւ կարեւորեցին երկու երկրների միջեւ փորձի փոխանակումն ու համագործակցության խորացումը, որն առավել կնպաստի հայ-հնդկական ավանդական բարեկամության ջերմացմանը: