ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանն
29 հուլիսի, 2008Ս.թ. հուլիսի 29-30-ը երկօրյա աշխատանքային այցով Իրանում է գտնվում ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը` մասնակցելու Թեհրանում անցկացվող «Չմիավորման շարժման» երկրների ԱԳ նախարարների 15-րդ համաժողովին, ուր Հայաստանը ներկայացված է դիտորդի կարգավիճակով:
Օգտվելով համաժողովին տարբեր երկրների բարձրաստիճան պատվիրակությունների ներկայության հանգամանքից` փոխնախարար Ղարիբջանյանը առանձնազրույցներ է ունեցել Բելառուսի, Թուրքմենստանի, Լիբանանի, Սիրիայի ԱԳ նախարարների, Քուվեյթի փոխվարչապետ եւ ԱԳ նախարարի հետ, որոնց հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են նշված երկրների երկկողմ հարաբերություններին առնչվող ընթացիկ հարցերը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանը առանձնազրույց է ունեցել նաեւ ԻԻՀ ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ, որի ընթացքում փոխնախարար Ղարիբջանյանը նախարար Մոթթաքիին է հանձնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի շնորհավորական նամակը` Իրանի Իսլամական Հանրապետության կողմից առաջադրված Արեւելյան եւ Արեւմտյան Ատրպատականներում գտնվող հայկական վանահամալիրների` Սուրբ Ստեփանոս, Սուրբ Թադեւոս Առաքյալի եւ Ծոր Ծորի մատուռի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության պատվավոր ցուցակում ընդգրկվելու կապակցությամբ: Նախարար Մոթթաքիի հետ հանդիպման ժամանակ վերահաստատվել են ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանի Թեհրան նախատեսված այցելության ժամկետները եւ մտքեր փոխանակվել քննարկվելիք հարցերի շուրջ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախարար Մոթթաքին հանդիսանում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահը, կողմերը հերթական անգամ քննարկման են ենթարկել հանձնաժողովի նախորդ համատեղ նիստի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները եւ նախանշել Թեհրանում նախատեսված հերթական 8-րդ նիստին առնչվող հարցեր: