Շարունակվում է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Բեռլին 30 հունիս 2008թ. Պաշտոնական այցով Բեռլինում գտնվո
01 հուլիսի, 2008Պաշտոնական այցով Բեռլինում գտնվող ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. հուլիսի 1-ին հանդիպում ունեցավ Բունդեսթագի «Կովկաս» պատգամավորական խմբի նախագահ Շտեֆեն Ռայխեի հետ:
Զրույցի ընթացքում քննարկվեց Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների համագործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում Ազգային Ժողովի եւ Բունդեսթագի պատգամավորների փոխգործակցության հարցերը:
Պարոն Ռայխեն նախարար Նալբանդյանին ներկայացրեց իր եւ պատգամավորական խմբի նախաձեռնությունները, մասնավորապես, Պոտսդամում Ջոզեֆ Լեփսիուսի տուն-թանգարանի բացման նախապատրաստական աշխատանքները եւ նախարարին հրավիրեց մասնակցելու բացման պաշտոնական արարողությանը:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման լավագույն ձեւերից է եւ ողջունեց Բունդեսթագի պատգամավորների նախաձեռնությունները հայ-գերմանական հարաբերությունների հետագա խորացման առումով:
Գերմանացի պատգամավորի խնդրանքով Հայաստանի արտգործնախարարը տեղեկություններ հաղորդեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումների, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի հեռանկարների վերաբերյալ:
Շտեֆեն Ռայխեն նախարար Նալբանդյանին ներկայացրեց կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման վերաբերյալ իր տեսակետները:
«Կովկաս» պատգամավորական խմբի նախագահը վերահաստատեց ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներին հղված ս.թ. նոյեմբերին Գերմանիա այցելելու հրավերը:
Նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ նաեւ «Քրոնիմետ» ընկերության նախագահ Գյունտեր Պիլարսկու հետ: Հանդիպմանը քննարկվեցին ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը եւ դրանց ընդլայնման հեռանկարները: