ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց Չեխիայի Հանրապետության դեսպան Իվան Եսթրաբը 16 հունիս 2008թ.

16 հունիսի, 2008

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հավատարմագրերի պատճենը հանձնեց Չեխիայի Հանրապետության դեսպան Իվան Եսթրաբը (Ivan Jestrab, նստավայրը` Թբիլիսի):

Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԳ նախարարը գոհունակություն հայտնեց հայ-չեխական հարաբերություների արդի վիճակի առնչությամբ` միաժամանակ կարեւորելով տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:

Որպես երկկողմ հարաբերությունների առաջընթացի վկայություն նշվեց, ս.թ. հուլիսի սկզբին Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգի Հայաստան կատարելիք պաշտոնական այցը:

Դեսպան Եսթրաբը, իր հերթին, բարձր գնահատեց Հայաստանի կողմից Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, եւ հույս հայտնեց, որ ԵՄ-Հայաստան համագործակցությունը առավել կընդլայնվի հատկապես 2009թ., երբ ԵՄ նախագահությունը ստանձնի Չեխիայի Հանրապետությունը:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Եսթրաբը քննարկեցին միջազգային կազմակերպություններում հայ-չեխական համագործակցության հարցերը, տնտեսական, կրթության եւ մշակույթի ոլորտներում փոխգործակցության խորացման հնարավորությունները:

Տեղեկանք. Իվան Եսթրաբը ծնվել է 1957թ. Չեխոսլովակիայում: 1976-1981թթ. սովորել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում` ստանալով մագիստրոսի աստիճան: 1990 թվականից աշխատում է ԱԳՆ համակարգում: Եղել է Չեխիայի դեսպանը Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում, Բանգլադեշում: 2002-04թթ. եղել է Չեխիայի վարչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, 2004-06թթ.` Սերբիայում եւ Մոնտենեգրոյում Չեխիայի դեսպան, իսկ 2006թ.` Սերբիայում Չեխիայի դեսպան, 2007թվականից նշանակվել է Վրաստանում Չեխիայի դեսպան: Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, դանիերեն, նորվեգերեն, շվեդերեն, սերբերեն եւ լեհերեն լեզուներին: Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Տպել էջը